Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոն
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հաղթանակով ավարտվեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։
Թայ-բրեյքում Լագրավը մրցեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային հետ եւ առավելության հասավ 3 պարտիայում։ Առաջին երկուսում գրանցվեց ոչ ոքի։ Երրորդում Լագրավը սպիտակներով հաղթեց 49 քայլում։
21 պարտիայից հետո Լագրավը, Դուդան եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան վաստակել էին 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Ֆիրուջան մնացել էր երրորդ տեղում։
Չորրորդ տեղը 14,5 միավորով գրավեց ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։ Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) գրավեց 5-րդ տեղը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հայկ Մ․ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանեց 8-18-րդ տեղերը։