Թուրքիայի կառավարությունն ընդլայնում է Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հետաքննությունը
Թուրքիայի կառավարությունն ընդլայնում է Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հետաքննությունը։
Թուրքական դատարանը մեղադրական եզրակացություն է ներկայացրել ենթադրյալ կրոնական միավորումների դեմ գործով, որը կարող էր քաղաքական եւ իրավաբանական հետեւանքներ ունենալ Ստամբուլի ընդդիմության կողմից վերահսկվող քաղաքապետարանի համար, գրում է AP-ը։
Փետրվարի 18-ին կսկսվի 23 ամբաստանյալների նկատմամբ դատական գործընթացը, որոնք կապված են փոխօգնության եւ համերաշխության հարցերով կրոնագետների ասոցիացիայի՝ DIAYDER-ի հետ։ Մեղադրյալներից 9-ը գտնվում են նախնական կալանքի տակ, իսկ ոմանք աշխատում են Ստամբուլի քաղաքապետարանում։
335 էջանոց մեղադրական եզրակացության մեջ DIAYDER-ը ենթադրաբար հետեւել է PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հրահանգներին՝ ստեղծելու կրանական իշխանությանը այլընտրանքային կրոնական կառույց։ Նշվում է, որ DIAYDER-ը 2013 թվականից աշխատել է Թուրքիայի տարածքային ինքնիշխանությանը սպառնալու համար եւ իբր աջակցել է «անկախ Քրդստանին»:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ «հատուկ հետաքննություն» է սկսել Ստամբուլի քաղաքապետարանի 557 աշխատակիցների եւ դրա հետ կապված ընկերությունների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ PKK-ի, ծայրահեղ ձախական խմբավորումների եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման մեջ, ում կառավարությունը մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ։ Հետաքննության թվում են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնք, իբր, աշխատանքի են ընդունվել DIAYDER-ի առաջարկությամբ։
Նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ իրենք աշխատակիցների մեջ հայտնաբերել են ահաբեկչության հետ առնչություն ունեցող մարդկանց եւ ասել, որ այս քայլն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, այդ թվում՝ պետական կառույցներում։ «Սա քաղաքական խնդիր չէ, սա անվտանգության խնդիր է»,-ասել է նա։
Իմամօղլուն՝ պաշտպանելով իր 86000 աշխատակիցներին, պահանջել է Սոյլուի հրաժարականը։
Անցյալ շաբաթ Էրդողանը մեղադրել էր Իմամօղլուին 45 000 աշխատակցի վարձելու մեջ, այդ թվում՝ ահաբեկիչների հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց: Քաղաքապետն իր հերթին հայտարարել է, որ քաղաքապետարանը համալրել է 21179 նոր աշխատակիցների։
Մինչդեռ այլ ընդդիմադիր քաղաքապետեր հանդես են եկել ի աջակցություն Իմամօղլուի։ Նրանք հայտարարել են, որ «անարդար եւ անհիմն հայտարարությունները» նպատակ ունեն կասկածներ առաջացնելու, եւ «կեղտոտ քաղաքականության» մաս են կազմում։