ԱԳՆ․ Իրանը պատասխանատվության կենթարկի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար մեղավորներին
Իրանը պատասխանատվության կենթարկի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար մեղավորներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն՝ Բաղդադի օդանավակայանի մոտ գեներալ Սուլեյմանիի եւ նրա աջակիցների մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, գրում է Mehr-ը։
«Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ նախկին նախագահի անմիջական հրահանգով պետական ահաբեկչության վառ օրինակ է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեղավորներին պատասխանատվության կենթարկի»,-ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանին հերոս էր ահաբեկչության դեմ պայքարում։
Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին եւ Իրաքի բնակչության մոբիլիզացման ստորաբաժանման (PMU) հրամանատարի տեղակալը սպանվել են ԱՄՆ ԶՈւ-ի կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքի միջազգային օդանավակայանի մոտ 2020 թվականի հունվարի 3-ին։