Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրացնել մարտունակությունը Սև լճի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը դեկտեմբերի 30-ին ստուգել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասերը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, «բարդ կլիմայական պայմաններում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ հանդիպման ժամանակ գլխավոր շտաբի պետը մարտունակության հետագա բարձրացման եւ պետական սահմանին մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու հանձնարարականներ է տվել, այդ թվում Գարագյոլ լճի ուղղությամբ։ Այնուհետեւ զորամասի անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, վերլուծվել են 2021թվականի արդյունքները։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ անցկացվող աշխատանքները։ Հանձնարարականներ են տրվել մարտական-ծառայողական գործունեությունը բարելավելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ «Գարագյոլ լիճը» Սեւ լիճն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական բանակի ներխուժման ուղղություններից մեկը։