Իրանը հաջողությամբ երեք հետազոտական արբանյակ է արձակել տիեզերք
Իրանը հաջողությամբ երեք հետազոտական արբանյակ է արձակել տիեզերք: Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի մամուլի քարտուղար Սեյյեդ Ահմադ Հոսեյնին ասել է, որ «Սիմորգ» արբանյակակիրը երեք հետազոտական արբանյակ է հաջողությամբ տիեզերք արձակել, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով` երկրի կողմից սեփական տիեզերական ներուժի, ինչպես նաեւ «Սաֆիր» եւ «Գասեդակ» արբանյակակիրների միջոցով փոքր արբանյակներ արձակելու հնարավորության ձեռք բերումից հետո, լուրջ ուշադրություն է դարձվել ավելի բարձր հնարավորություններով արբանյակային կայանների մշակմանը։
Այս կապակցությամբ Իմամ Խոմեյնիի տիեզերական բազայի եւ «Սիմորգ» արբանյակային կրիչի մշակումն ու զարգացումն առաջին տեղում է Իրանի տիեզերական արդյունաբերության մեջ, հավելել է նա։
«Արձակման ժամանակ տիեզերական բազայի բաղադրիչների բնութագրերն ու գործառույթները, ինչպես նաեւ արբանյակի արձակման փուլերի խնդիրները ճիշտ են կատարվել, եւ այս արձակման հետազոտական նպատակները լիովին իրականացված են»:
Հոսեյնին ասել է, որ այս հետազոտական առաքելությունն առաջին անգամ երեք հետազոտական արբանյակ է արձակել 470 կմ բարձրության վրա եւ 7350 մ/վ արագությամբ: