Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների. ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած՝ 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ կարևոր դրույթներ կան: Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված օրենքում նշվում են 44-օրյա պատերազմի վերաբերյալ Կոնգրեսի եզրակացությունները:
Օրենքում ասված է, որ Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա: Ընդգծվել է, որ չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց՝ «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց լինելը:
Նշվում է, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, իսկ ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման»: Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:
Օրենքի համաձայն՝ Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում գործակցի Ադրբեջանի իշխանության հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը: