Պետքարտուղարությունում Աֆղանստանում կանանց իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոն է ստեղծվել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է Ռինա Ամիրիին Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց նշանակելու մասին։
«Որպես հատուկ բանագնաց՝ նա աշխատելու է ինձ, այս վարչակազմի եւ ԱՄՆ ազգային անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Մեր նպատակը խաղաղ, կայուն եւ ապահով Աֆղանստանն է, որտեղ աֆղանստանցիները կարող են ապրել եւ բարգավաճել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ներառականության միջավայրում: Հատուկ բանագնաց Ամիրին սերտորեն կաշխատի ինձ հետ այս նպատակին հասնելու համար», - ասվում է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Բացի այդ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է նաեւ Ստեֆանի Ֆոսթերին Աֆղանստանում կանանց եւ աղջիկների հարցերով ավագ խորհրդական նշանակելու մասին։
Ինչպես նշել է NBC հեռուստաընկերությունը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում (պաշտոնավարել է 2009-2017 թվականներին) Ամիրին եղել է Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականը։
Արմատականները լուծարել են շուրջ 20 տարի գոյություն ունեցող կանանց հարցերով նախարարությունը։ Բացի այդ, թալիբները երկրի մեծ մասում արգելել են աղջիկներին դպրոցներ հաճախել, կին հեռուստահաղորդավարներին պարտադրել են հիջաբ կրել եւ տեղական հեռուստաալիքներին խորհուրդ են տվել զերծ մնալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց:
Թալիբների կողմից ձեւավորված ժամանակավոր կառավարությունում եւս, որը դեռեւս ոչ մի երկիր չի ճանաչել, կանայք չեն ներառվել։