ԱՄՆ պետդեպը նշանակել է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների հարցով հատուկ բանագնացի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 29-ին Ռինա Ամիրիին նշանակել է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների հարցով հատուկ բանագնացի պաշտոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ձգտում ենք ունենալ խաղաղ, կայուն և անվտանգ Աֆղանստան, որտեղ աֆղանստանցիները կարող են ապրել և բարգավաճել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ներառականության պայմաններում: Հատուկ բանագնաց Ամիրին աշխատելու է ինձ հետ սերտ համագործակցությամբ՝ հասնելու այդ նպատակին»,- ասել է Բլինկենը:
Ամիրին ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման շրջանում եղել է Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականը: