Պուտինը ՌԴ քաղաքացիություն ստանալը պարզեցնող դաշնային օրենքի նախագիծ է ներկայացրել Պետդումա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքի նախագիծ է ներկայացրել Պետդումա, հայտնում է ՌԲԿ-ն։
Փաստաթղթով առաջարկվում է ընդլայնել նախագահի լիազորությունները՝ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ստացման իրավունք ունեցող անձանց կատեգորիաները որոշելու համար։
Օրինագիծը նախատեսում է նաեւ քաղաքացիություն ստանալու պահանջների քանակի կրճատում ավելի քան 20 կատեգորիայի անձանց համար։ Խոսքը`
նախկին ԽՍՀՄ քաղաքացիների եւ նրանց երեխաների,
արտերկրում բնակվող հայրենակիցների` Ռուսաստան կամավոր վերաբնակեցմանը նպաստող պետական ծրագրի մասնակիցների,
մարդկանց, ում մերձավոր ազգականներն ապրում են Ռուսաստանում եւ դրա քաղաքացիներ են,
մարդկանց, ում ուղիղ աճող գծով հարազատները մշտապես բնակվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում (ժամանակակից Ռուսաստանի պետական սահմանի սահմաններում), եւ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմողների այլ կատեգորիաների մասին է:
Առաջարկվում է նախագահի բացառիկ իրավասության տակ թողնել միայն քաղաքացիության շնորհումը։ Այն կտարածվի՝
Մեծ հայրենական պատերազմի վետերանների` նախկին ԽՍՀՄ քաղաքացիների,
Ռուսաստանին հատուկ ծառայություններ մատուցած անձանց,
Անձանց, ովքեր հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար իրենց մասնագիտության կամ որակավորման պատճառով:
«Ինչ վերաբերում է մնացած կատեգորիաների անձանց, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության հարցերով որոշումներ կայացնելու իրավունքը վերապահված է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը», - ասվում է փաստաթղթի նախագծում:
Ֆիկտիվ ամուսնությունները բացառելու համար ՌԴ քաղաքացիության պարզեցված ստացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ամուսնության մեջ լինի ընդհանուր երեխա, ասվում է օրենքի նախագծում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ներդրողները եւ որակավորված մասնագետները ներառված չեն Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ստացման իրավունք ունեցող անձանց կատեգորիայում: Պետության դեմ մի շարք ծանր հանցագործությունները կհանգեցնեն Ռուսաստանի քաղաքացիության դադարեցմանը, ասվում է օրինագծում։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ընդունման մասին որոշման չեղարկման փոխարեն ներդրվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության դադարեցման ինստիտուտը։