Հայկական BeeGraphy ստարտափը ձեռնոց է նետում CAD ինդուստրիայի գլխավոր խաղացողներին
Հայկական BeeGraphy ընկերությունը մշակում է եռաչափ պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որի անալոգը աշխարհում դեռևս գոյություն չունի։ BeeGraphy ընկերությունը 2022 թ․-ին շուկա կմտնի 3 օնլայն ռեսուրսներով՝ 2D/3D պարամետրիկ մոդելների խանութ, 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ և API միջերես՝ նախատեսված միջհարթակային ինտեգրացիաների համար։
Ընկերության թիմում ընդգրկված են ծրագրավորողներ, ինժեներներ, նախագծողներ և մաթեմատիկոսներ, որոնք NURBS (Non-uniform rational basis spline) մաթմոդելավորման հնարավորությունները կիրառում են եռաչափ մոդելավորման մեջ, ինչի արդյունքում BeeGraphy Editor-ում ստեղծված մոդելները առավելագույնս ճշգրիտ են։
BeeGraphy ընկերության առաջին քայլերը շուկայում
BeeGraphy ընկերությունը միջազգային շուկայում առաջին քայլերը կանի՝ ներկայացնելով 2D/3D մոդելների յուրահատուկ կատալոգ-խանութը, որը կգրավի ոչ միայն մոդելավորողներին և նախագծողներին, այլ նաև դիզայն ստուդիաներին, տարբեր արտադրանքներ վաճառողներին, CNC, լազերային և փայտյա կտրող սարքավորումներ և 3D տպիչներ շահագործողներին և այլն։
BeeGraphy Shop եռաչափ մոդելների խանութի յուրահատկությունն այն է, որ մոդելները հենց խանութի միջերեսում՝ օնլայն ռեժիմում ենթարկվում են պարամետրիկ փոփոխությունների, և փաստացի հնարավոր է ստանալ նոր պարամետրերով և տեսքով մոդել, ապա նոր ներբեռնել եռաչափ ստատիկ դիզայնը (որը պարունակում է նաև 2D գծագրակազմը)՝ տարբեր նպատակներով օգտագործման համար - տպել արտադրանք համակարգչաթվային հաստոցներով (CNC), օգտագործել վեբ հարթակներում կամ տպել 3D տպիչներով։
BeeGraphy-ի կատալոգում ներկայացված են ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքների նախատիպեր՝ սկսած կահույքից, վերջացրած շարժանիվներով և բազմապիսի ոսկերչական մոդելներով։
Առաջիկայում՝ BeeGraphy Editor-ի ամբողջական գործարկման հետ զուգահեռ, հարթակում գրանցված նախագծող օգտատերերը ևս կկարողանան իրենց ստեղծած պարամետրիկ 2D/3D մոդելները ներկայացնել վաճառքի անմիջապես BeeGraphy Shop-ում։
BeeGraphy Editor-ի հիմնական հնարավորություններն են․
● Պարամերտիկ եռաչափ մոդելավորման օնլայն խմբագրիչ (որը միակն է օնլայն ռեժիմում)։
● Նախագծողների և դիզայներների թիմերի միջև համագործակցություն իրական ժամանակում (Real-time collaboration)։
● Պատվիրատու-նախագծող-արտադրող (Customer-builder-manufacturer) հարաբերություններում աշխատանքի արագության և արդյունավետության բարձրացում և մոդելների համօգտագործման հնարավորություն։
● API, որը հնարավորություն է տալիս ինտեգրել BeeGraphy-ի մոդելները և NURBS համակարգը այլ օնլայն հարթակներում և ուսումնական հաստատություններում։
● Ամպային սերվերներում մեծ ծավալով պարամետրիկ 3D և 2D մոդելներ պահելու և խմբագրելու հնարավորություն, որը տալիս է միայն Beegraphy-ն։
● Պարամետրիկ մոդելի եռաչափ տեսք (3D view), ինչի շնորհիվ նախագծողները/մոդելավորողները կարող են տեսնել մշակվող մոդելի տեսքը եռաչափ տարածության մեջ, ինչպես նաև ցուցադրել այն գործընկերներին և պատվիրատուներին: Այս գործառույթը բազմաթիվ մոդելավորողների կօգնի խուսափել հավելյալ ծառայություններից և թույլ կտա խնայել գումար։
Պարամետրիկ մոդելավորումը մեծ պահանջարկ ունի ճարտարապետության, կենցաղային արդյունաբերության, կահույքագործության, ոսկերչության, բժշկության, ավտոմոբիլաշինության և արդյունաբերական այլ ոլորտներում։
Ըստ վերլուծական տվյալների՝ 2021թ․-ին 3D տպագրման շուկայում տարեկան աճը կազմել է 22,5% (շուկայի համախառն արդյունքը՝ 12,6 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ըստ վիճակագրական կանխատեսումների՝ 2026թ․-ին այս ոլորտում արդյունքը կկազմի 34,8 մլրդ ԱՄՆ դոլար։
BeeGraphy ընկերությունը առաջիկա ամիսների ընթացքում հերթականությամբ կներկայացնի հարթակի ենթառեսուրսները (BeeGraphy Editor, 2D-3D Models Shop և Cross-Platform API)՝ հրավիրելով բոլոր հետաքրքրված օգտատերերին և
ընկերություններին միանալու հարթակին և օգտագործելու դրա բոլոր հնարավորությունները։ Այս պահին պարամետրիկ մոդելավորման մասնագետները (builders) կարող են միանալ հարթակին և ուսումնասիրել BeeGraphy Editor-ի հնարավորությունները՝ մասնակցելով հարթակի տեստավորման և բարելավման գործընթացին։
BeeGraphy ընկերության թարմացումներին և մասնագիտական հոդվածներին կարող եք ծանոթանալ ընկերության բլոգում այստեղ։