ՖԻԴԵ․ Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կընդունի Մադրիդը
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կանցկացվի 2022թ․ հունիսի 16-ից հուլիսի 7-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը։
Հովանավորներն են Chess.com-ն ու Շայնբերգների ընտանիքը (Իսրայել/Կանադա), որը PokerStars ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, զբաղվում է նաեւ ներդրումներով էլիտար անշարժ գույքի շուկայում։
Հավակնորդների մրցաշարի 8 մասնակիցներից 6-ն արդեն հայտնի են։ Ուղեգրեր նվաճել են ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Սերգեյ Կարյակինը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան։ Վերջին երկու մասնակիցները հայտնի կդառնան փետրվար-ապրիլին անցկացվելիք ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի շարքում։