Պուտին. ԱՊՀ-ի ստեղծումն արդարացված էր
Տարիների ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցությունն արդարացրել է իրեն, խորացել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ ինտեգրացիան, այդ թվում՝ տնտեսության եւ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանդիպումը դարձել է ավանդական. Մինչ համաճարակը մենք պարբերաբար հանդիպում էինք Ամանորից առաջ։ Այս տարին առանձնահատուկ է ԱՊՀ-ի համար. բոլորովին վերջերս լրացավ կառույցի հիմնադրման 30-ամյակը։ Անցած տասնամյակների ընթացքում մեր երկրում շատ բան է փոխվել, միեւնույն ժամանակ կազմակերպության ստեղծումն արդարացված էր։ Ինտեգրումը շատ ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության եւ տնտեսության, խորացել է»,- նշել է ՌԴ ղեկավարը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության եւ սոցիալական ոլորտի վրա։ Սակայն պահպանելով այն հնարավորություններն ու մրցակցային առավելությունները, որոնք տալիս է ինտեգրումը, Համագործակցության երկրներին հաջողվում է ավելի լավ հաղթահարել դժվարությունները, քան աշխարհի մյուս երկրներին, ասել է Պուտինը։