ԱՄՆ-ն 20 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային Ռուսաստանի հետ սահմանն ամրացնելու համար
Վաշինգտոնը 20 մլն դոլար է հատկացրել Ռուսաստանի և Բելառուսի հետ ուկրաինական սահմանի ամրաշինության համար, նախագիծը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ընթացքում, հայտնել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից։
Ավելի վաղ ամերիկացի փորձագետները մեքենայով հասել էին Սումիի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության հետ սահման՝ տեղանքի պաշտպանությունն ուժեղացնելու լուծումներ առաջարկելու։
«Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան իրավապահ վարչության հետ համատեղ, շատ կարևոր աշխատանք է կատարել սահմանային վարչության կարողությունների ամրապնդման համար… Մեր համագործակցության արդյունքը դարձավ միջազգային տեխնիկական նոր նախագիծը։ Հին և նոր մարտահրավերներով պայմանավորված՝ այն ուղղված է Ուկրաինայի հյուսիսային և արևելյան սահմանների անվտանգությանը»,- ասել է Պետական սահմանային ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոն, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Ենթադրվում է, որ նախագիծը կմեկնարկի հունվարին։ Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին ասել էր, որ 2022 թվականին Ուկրաինան կսկսի Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական սահմանային հատվածների վերազինումը, դրա համար պահանջվում է 640 մլն դոլար։