ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջիկա բանակցությունները. Պոլյանսկի
Ռուսաստանը ողջունում ու աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջիկա բանակցությունները, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Զարմանալի չէ, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում, մենք լավ գործընկերային հարաբերություններ ունենք և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի հետ»,- ասել է նա։
Նշելով, որ կողմերի միջև բացակայում է վստահությունը, Պոլյանսկին մատնանշել է դա հաղթահարելու անհրաժեշտությունը։
«Եթե հաջողվի, ապա բոլորը կշահեն Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից։ Բայց այս պահին մենք բավականին հեռու ենք դրանից»,- ասել է Մշտական ներկայացուցչի տեղակալը։
Պոլյանսկին նաև կոչ է արել «առաջ շարժվել քայլ առ քայլ և խրախուսել երկու երկրների հնարավոր գործողությունները դեպի նորմալիզացում»։