Հնդկական օվկիանոսում նոր տեսակի փոթորիկ են հայտնաբերել
Մայամիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նոր տեսակի փոթորիկ են հայտնաբերել, որն անվանել են «մթնոլորտային լճեր»։ Բացահայտման մասին հետազոտողները հայտնել են Ամերիկյան երկրաֆիզիկական միության ամենամյա համաժողովում։
«Մթնոլորտային լճերը» տարին մի քանի անգամ գոյանում են Հնդկական օվկիանոսի արեւմտյան մասում՝ հասարակածի հատվածում, եւ շարժվում Աֆրիկայի ուղղությամբ։ Օդի զանգվածները, որոնք գերհագեցված են ջրային գոլորշիներով մինչեւ 50 միլիմետր սնդիկի սյուն, անջատվում են խոնավ օդի մեծ մասից եւ մնում են առնվազն մեկ շաբաթ՝ հորդառատ անձրեւներ առաջացնելով Աֆրիկայի արեւելյան ափերին:
Ինչպես նշել է Science Alert-ը, օդերեւութաբանները հինգ տարվա ընթացքում հայտնաբերել են 17 «մթնոլորտային լճեր», որոնք ձեւավորվել են հասարակածից 10 աստիճան լայնության վրա եւ գոյություն են ունեցել ավելի քան վեց օր։ Հավանաբար, այդ զանգվածները ձեւավորվում են Երկրի այլ շրջաններում, որտեղ դրանք վերածվում են արեւադարձային ցիկլոնների։
Հետազոտողները նախատեսում են բացահայտել այն մեխանիզմը, որը ստիպում է մթնոլորտային լճերին բաժանվել սովորական խոնավ օդային զանգվածներից, որոնք անընդհատ շարժվում են դեպի Աֆրիկայի ափեր: Դա կարող է պայմանավորված լինել տարածաշրջանում քամիների ընդհանուր կառուցվածքով, որը որոշվում է գլոբալ կլիմայով, կամ զանգվածներն իրենք են առաջացնում տեղական քամիներ։ Առաջին դեպքում մթնոլորտային լճերը կարող են ազդել կլիմայի գլոբալ փոփոխության վրա՝ փոխելով տեղումների քանակը Աֆրիկայի արեւելյան ափին։