ՌԴ ԱԳՆ. «3+3»-ը գործում է որպես օգտաբեր ձևաչափ
«3+3» տարածաշրջանային խորհրդակցական պլատֆորմը ստեղծվել եւ արդեն գործում է որպես օգտաբեր, չքաղաքականացված ձեւաչափ՝ ուղղված Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների մերձեցմանը։ Այս մասին Sputnik-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հավանականություն կա, որ «3+3» պլատֆորմը (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան) աշխատանքային կդառնա։ Սկզբունքայի՞ն էր արդյոք Վրաստանի մասնակցությունը, որն առայժմ հրաժարվում է ներկա գտնվել տարածաշրջանային այդ նախագծում։ Կարո՞ղ է արդյոք «3+3» պլատֆորմը գոնե նախնական փուլում աշխատել որպես «3+2» (առանց Վրաստանի)։
«Մեր համատեղ աշխատանքում շեշտը դնում ենք այն հարցերի վրա, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում եւ աշխատում են վստահության միջոցների ամրապնդման՝ առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաեւ ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ «3+3»-ի՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած առաջին նիստը ցույց տվեց, որ մասնակիցները շահագրգռված են ոչ միայն կառուցողական երկխոսություն վարելու, այլ նաեւ գործնական փոխգործակցություն հաստատելու գործում։ Ափսոսում ենք, որ, չնայած պլատֆորմի աշխատանքին մասնակցության ակնհայտ օգուտին, Թբիլիսին իր ներկայացուցիչներին չէր ուղարկել առաջին հանդիպմանը։ Ընդ որում՝ բոլոր մասնակիցները հետաքրքրված են, որ Վրաստանը միանա, եւ համակարծիք են, որ «դուռն» այդ երկրի համար բաց մնա»,- նշել է Ռուդենկոն։