Իբրահիմ Քալին. Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները
Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը։
Քալինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մաս է դարձրել:
«Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, եւ այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ եւ այդ շրջանի` Ադրբեջանի կազմ վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- ասել է Քալինը։
Նրա խոսքով` ուրիշ ոչ ոք այս առումով ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան եւ Երեւանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ամենաշատը կշահի կարգավորումից:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա Հայաստանի համար` որպես դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ եւ Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով»,- ասել է Քալինը։