Պեսկովը Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների թեման «կյանքի ու մահվան հարց» է անվանել
Ռուսաստանի անվտանգությունը վտանգի տակ է՝ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման վերաբերյալ Արեւմուտքի շարունակական խաբեության պատճառով, Մոսկվայի համար անվտանգության երաշխիքներ ստանալն այժմ դարձել է կյանքի ու մահվան հարց: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում, նույնիսկ ավելին, մեզ մեթոդաբար խաբել են, եւ այս խաբեության հետեւանքով մենք եկել ենք մի իրավիճակի, երբ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է, այդ նույն խաբեության շարունակման սպառնալիքի տակ է, դեպի մեր սահմանները ՆԱՏՕ-ի ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական ենթակառուցվածքի ընդլայնման սպառնալիքի տակ է։ Եւ այս առումով, իհարկե, ՆԱՏՕ-ի տարածումը այնպիսի երկրներում, ինչպիսին Ուկրաինան է, բնականաբար, այլ երկրներում եւս, որոնք եղել են Խորհրդային Միության տարածքում»,- ասել է Պեսկովը։
«Սա արդեն խնդիր է մեզ համար, դե, փաստացի կյանքի ու մահվան հարց»,- հավելել է նա:
Կրեմլի ներկայացուցիչը խոստովանել է, որ Պուտինը դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում «իրոք զգացմունքային» է խոսել երաշխիքների մասին։ «Բայց ամեն անգամ, երբ նախագահը խոսում է երկրի ազգային շահերի, երկրի անվտանգության մասին, նա միշտ զգացմունքային է, ինչը, սակայն, նրա ձեւակերպումները պակաս սպառիչ չի դարձնում»,- հավելել է նա։
Մեկնաբանելով հեռուստահաղորդավարի նկատառումը՝ Պեսկովը հիշեցրել է, որ երաշխիքների հարցի բարձրացումը նախագահի նախաձեռնությունն է, «ով իրավիճակը համակողմանիորեն վերլուծելու հնարավորություն ունի», այլ ոչ թե պատասխան ամերիկացիների հնարավոր հարցին, թե ինչն է անհանգստացնում Մոսկվային։
«Ոչ, ամերիկացիներն այդպես չեն ասում, ամերիկացիներն անում են: Մենք տեսնում ենք, թե ինչ է անում ՆԱՏՕ-ն, տեսնում ենք զորավարժություններ մեր սահմաններին, տեսնում ենք հսկայական քանակությամբ տեխնիկայի մատակարարում։ Նրանք Հունաստանով են բերում, նաեւ այլ ուղղություններով։ Այս տեխնիկան սկսում է ներթափանցել Ուկրաինայի տարածք, այնտեղ սկսում են գալ ռազմական հրահանգիչներ, ինչպիսիք արդեն մի քանի հազար կան։ Աստիճանաբար ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ուկրաինայի տարածք, եւ այնուհետեւ փաստացի կմնա միայն այս գործընթացի պաշտոնականացումը»,- ասել է Պեսկովը։
Նա նաեւ հայտարարել է, որ հունվարին Ժնեւում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները ցույց կտան, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես պատրաստ է այս թեմայի վերաբերյալ առարկայական պատասխան տալ։