Բոլոր խոսակցությունները կարող են լինել միայն այն ժամանակ, երբ կվերադառնան մեր տղաները. մանրամասներ Մոսկվայի հանդիպումից
Հայաստանի և Ադբրեջանի մշակույթի գործիչների մոսկովյան հանդիպումը նախապես չի ունեցել օրակարգ կրել է հունամիտար բնույթ, ավելի շատ ճանաչողական բնույթ ուներ` փորձելու գտնել երկխոսության եզրեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Շատ ուրախ եւ հպարտ եմ մեր խմբի համար, մարդիկ, ում ես առաջին անգամ ճանաչեցի` Արմեն Մուրադյան, Հարություն Խաչատրյան, փայլուն կարողացան իրենց տեսակետը առաջ տանել եւ առաջին հերթին հենց մարդասիրական ուղղությամբ: Մենք ենք գերիների հարցը բարձրացրել, ասել ենք, որ, իհարկե, մենք բոլորս ուզում ենք խաղաղություն եւ ուզում ենք, որ այս ատելությունը վերանա, սա երկար ճանապարհ է, բայց կան քայլեր: Առաջին քայլերից մեկը գերիների ազատումն է, միայն դրանից հետո կարելի է խոսել այլ հարցերի մասին, բայց քանի դեռ կան գերիներ, քանի դեռ նրանք օգտագործվում են որպես քաղաքական խաղաքարտ, հաշվի չի առնվում նրանց ու նրանց հարազատների վիճակը, սա թույլ չի տալիս վերականգնել վստահությունը»,-պատմեց նա:
Բաբայանի խոսքով` երբ ադրբեջանցիները խոսել են հետագա հանդիպումների մասին, իրենք ասել են, որ հանդիպումները չեն կարող լինել ինքնանպատակ, այլ հանդիպումը պետք է ունենա շոշափելի արդյունք. «Մենք ասացինք, որ այս հանդիպումից հետո եթե դուք կարողանում եք ձեր ղեկավարությանը հասցնել եւ կարողանում եք ինչ-որ ազդեցություն ունենալ, ընդ որում դա ասվեց նաեւ հանդիպման կուրատորին` Միխայիլ Շվիդկոյին, դա այս հանդիպումները կդարձնի առարկայական»:
Բաբայանը նշեց, որ ադրբեջանցիները մեր կողմի ներկայացուցիչների բարձրացրած հարցին դրական են արձագանքել, ասել են, որ համոզված եղեք` բոլոր գերիները կվերադառնան:
«Իրենք ասացին, որ գերիների վերադարձը ժամանակի հարց է, իրենք էլ ունեն խնդիր ականապատ տարածքների հետ, այնտեղ էլ են խաղաղ բնակիչներ մահանում, կառավարության ներկայացրած քարտեզները այդքան էլ ճշգրիտ չեն, մենք էլ ասեցինք, որ ինչ ունենք, այն ենք տալիս»,- պատմեց Բաբայանը:
Բաբայանը ընդգծեց, որ հանդիպման արդյունքը պետք է լինի շոշափելի, այլ ոչ թե ինչ-որ հայտարարություն. «Եթե կատարվի գործնական քայլ, արդեն հետագա հանդիպումների մասին կարող ենք մտածել: Իսկ գործնական քայլ կարող է լինի, երբ մեր գերիներին վերադարձնեն,կամ բժիշկկներ գնան նրանց առողջական վիճակը ստուգեն եւ նման այլ քայլեր»:
Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպումը կրել է հունամիտար բնույթ և տևել է մոտավորապես 2.5 ժամ։
«Ադրբեջանի մասնակիցները նույնպես չորս հոգի էին, երեք տղամարդ և մեկ կին, նրանցից երեքը բուհերի ռեկտորներ էին, մեկը կինոքննադատ։ Դուք գիտեք իմ մոտեցումը այս հարցում, գիտեք, թե իմ ուժերի սահմաններում եւ փառատոնի շրջանակում ինչքան ենք անդրադառնում զինվորներին ու պատերազմին: Ես ասեցի, որ բոլոր խոսակցությունները կարող են լինել միայն այն ժամանակ, երբ կվերադառնան մեր տղաները: Եթե մենք հիմա բոլորս մեր տներում նստենք եւ ասենք, որ լավ կլինի, որ տղաները վերադառնան ոչ մի բան չի լինի, պետք է գործել եւ սա այդ գործելուն ուղղված հարցերից մեկն է, եթե մեկ հոգի էլ վերադառնա այս հանդիպումից հետո դա կլինի արդյունք, եթե որեւէ գործնական քայլ չլինի, դժվար է խոսել հետագա հանդիպումների մասին»,- ասաց նա: