Կալիֆոռնիայում լողափերը փակում են ջրասահորդների վրա շնաձկների հարձակումների պատճառով
Կալիֆոռնիայի Սան Լուիս Օբիսպո եւ հարեւան շրջաններում փակում են հանրային լողափերը ջրասահորդներից մեկի վրա շնաձկան հարձակման պատճառով։ Տղամարդը մահացել է, տեղեկացնում է «ГазетаРу»-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, դեկտեմբերի 24-ին, Սան Լուիս Օբիսպոյի լողափերից մեկում, շնաձուկը հարձակվել է 31-ամյա տղամարդու վրա, ինչից հետո տղամարդն անհետ կորել է եւ որոշ ժամանակ անց հայտնաբերվել մահացած։
Մորո Բեյ նավահանգստի պարեկային ծառայության պետ Էրիկ Էնդերսբիի խոսքով՝ Կալիֆոռնիայում սա շնաձկան՝ մահացու ելքով հարձակման առաջին դեպքն է 18 տարվա ընթացքում։
«Բարեբախտաբար, եղանակը եւ քամին փչացրել էին ալիքները, ուստի ջրասահորդներն այնքան էլ շատ չէին, բայց մենք փակել ենք լողափերը անվտանգության նպատակներով»,- ասել է Էնդերսբին։
Նա նշել է, որ եղանակը պատճառ է հանդիսացել, որպեսզի շնաձկան հարձակումից միայն մեկ մարդ զոհվի, Էնդերսբին կարծում է, որ զոհերը կարող էին եւ ավելի շատ լինել։