Samsung-ը ակորդեոն-սմարթֆոն է ստեղծել
Հարավկորեական հսկա Samsung-ը մտածում է ճկուն էկրանով նոր սմարթֆոնի մասին: Սարքի նկարագրությունը, ըստ LetsGoDigital ռեսուրսի, հայտնվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով LetsGoDigital-ին։
Խոսքը ակորդեոն-սարքի մասին է՝ երկու հոդակապ միակցումներով։ Մեծ ճկուն էկրանը բաղկացած է երեք հատվածից, որոնք ծալվում են Z-աձեւ տեսքով: Արդյունքում, բացված տեսքով օգտատերն իր տրամադրության տակ է ստանում պլանշետ, ծալված տեսքով՝ սմարթֆոն, որի էկրանի երեք մասերից մեկը գտնվում է դիմացի հատվածում։
Սարքի դիզայնը նախատեսում է օժանդակ հետեւի էկրանի առկայություն։ Դրանում կարող են արտացոլվել ծանուցումներ, օգտակար տեղեկություններ եւ այլն։ Հետեւի հատվածում կտեղադրվի եռակի տեսախցիկ՝ ուղղահայաց շարված օպտիկական մոդուլներով։
Ինչպես պլանավորել է Samsung-ը, սմարթֆոնը կհամալրվի մատնահետքերի սքաներով՝ ճկուն էկրանի տարածքում եւ ենթաէկրանային առջեւի տեսախցիկով։ Խոսքը երկբաղադրիչ վերալիցքավորվող մարտկոցի, USB Type-C-ի եւ HDMI ինտերֆեյսների առկայության մասին է։
Օգտատերերը կկարողանան շփվել սարքի հետ՝ օգտագործելով հատուկ S Pen-ը: Տվյալների պահպանման համար կարող է SD քարտ օգտագործվել:
Այն մասին, թե նկարագրված դիզայնով սարքը երբ կարող է հայտնվել կոմերցիոն շուկայում, դեռեւս ոչինչ չի հաղորդվում։