Իտալական Pagani ապրանքանիշը կզբաղվի իր հիպերքարերի իսկությունը ստուգելով
Իտալական Pagani հիպերմեքենաների արտադրողը հայտարարել է Puro անվանումով իր ավտոմեքենաների իսկության հաստատման ծրագիրը գործարկելու մասին, գրում է Motor-ը։
Այն վերաբերում է իտալական ապրանքանիշի ցանկացած թղարկման տարվա բոլոր մոդելներին եւ բաղկացած է ավելի քան 400 տարբեր ընթացակարգերից՝ հիպերքարի բառացիորեն յուրաքանչյուր դետալն ուշադիր ստուգվում է փաստաթղթերի, արխիվային լուսանկարների, անձնագրերի եւ վկայականների տվյալների բազայից՝ դրանց իսկությունը հաստատելու համար։
Pagani-ի բոլոր հիպերքարերը, որոնք հաջողությամբ անցել են Puro ծրագիրը, ստանում են իրական լինելու համապատասխան վկայական՝ ստորագրված անձամբ ընկերության հիմնադիր Հորացիո Պագանիի կողմից: Բացի այդ, դրանք ստանում են ընդլայնված երաշխիք յուրաքանչյուր առանձին հանգույցի եւ ագրեգատի համար:
Որպես բոնուս, բոլոր ստուգումները կատարելուց հետո մեքենայի սեփականատիրոջը հանձնվում է, այսպես կոչված, Puro Book-ը` կաշվեկազմ ալբոմ, որում մանրամասն նկարագրվում է մոդելի պատմությունը, բնութագրերը եւ փորձագետների կողմից իրականացված բոլոր ստուգումների արդյունքները: Pagani-ում կարծում են, որ իսկության վկայականի եւ բացառիկ ալբոմի դեպքում հիպերքարի արժեքը զգալիորեն կբարձրանա։
Puro ծրագիրը կարող է օգտագործվել միայն Սան Սեզարիո Սուլ Պանարոյում գտնվող իտալական Pagani գործարանում, բայց արտադրողը խոստանում է, որ մոտ ապագայում ավելի շատ մասնագիտացված կենտրոններ կլինեն, որոնք կունենան հավաստագրված մեխանիկներ: Վերջերս Pagani-ի նոր բաժնետեր է դարձել Սաուդյան Արաբիայի «Սուվերեն հիմնադրամը»։ Այն կունենա մինորիտար 30 տոկոս բաժնետոմս, մինչդեռ Պագանի ընտանիքը կպահպանի ընկերության վերահսկողությունը: