ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում առանցքային հարցը դաշինքի չընդլայնվելն է. Զախարովա
ԱՄՆ-ում և արևմտյան մի շարք երկրներում հայտարարություններ են շրջանառվում այն մասին, թե առաջիկայում անվտանգության իրավական երաշխիքների մշակման վերաբերյալ ռուսական առաջարկի քննարկումների ընթացքում ՆԱՏՕ-ի չընդլայնման թեման չի դիտարկվի: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս կապակցությամբ ընդգծում ենք, որ հենց ՆԱՏՕ-ի չընդլայնվելն ու մեր անվտանգությանը սպառնացող սպառազինությունների՝ ռուսական սահմանների մոտ չհայտնվելն են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ առաջիկա բանակցություններում գլխավոր, առանցքային հարցերը: Դա պետք է շատ հստակ պատկերացնեն նրանք, ովքեր մինչև հիմա չեն հասկացել ռուսական դիրքորոշման էությունը»,- նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2022 թ. սկզբին Ժնևում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև: