Զելենսկու գրասենյակից հայտարարել են, որ «Ռուսաստանը և ԽՍՀՄ-ը ստեղծել են ուկրաինացիները»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԽՍՀՄ-ը ստեղծել են ուկրաինացիները։
«Ծաղրածունե՛ր, մենք ենք ստեղծել ձեր Ռուսաստանը և մենք ենք ստեղծել ձեր Խորհրդային Միությունը, իսկ Խորհրդային Միության լավագույն տարիներին այն ղեկավարում էին ուկրաինացիները՝ Դնեպրոպետրովսկի կլանը։ Հաշվեք Խորհրդային Միության հերոսներին, «ենկո»-ով ավարտվող ազգանուններով ուկրաինացիներին»,- ասել է Արեստովիչը։
Արեստովիչը ուկրաինացիներին անվանել է «երկու կայսրությունների հեղինակներ» և ասել, որ անհրաժեշտության դեպքում ուկրաինացիները կարող են կրկնել դա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսում ասել է, որ Ուկրաինան ստեղծել է Լենինը։ Պատասխանելով SkyNews-ի լրագրողին` Պուտինն ասել է, որ «Միացյալ Նահանգները և Մեքսիկան ևս տարածքային պահանջներ են ունեցել, բայց այժմ ոչ ոք չի հիշում դրանք»։
«Եվ մենք էլ փորձում ենք չհիշել, թե ինչպես է զարգացել Ուկրաինան: Ո՞վ ստեղծեց այն, Վլադիմիր Լենինը, երբ ստեղծեց Խորհրդային Միությունը», - ասել է Պուտինը: