Ամերիկյան United Airlines եւ Delta Air Lines ավիաընկերությունները Covid-ի պատճառով չեղարկել են տասնյակ չվերթներ
Ամերիկյան United Airlines եւ Delta Air Lines ավիաընկերությունները Սուրբ ծնունդի նախօրեին չեղարկել են տասնյակ չվերթներ Covid-ի պատճառով, տեղեկացնում է CNBC-ն։
«Օմիկրոն տեսակով վարակման դեպքերի համազգային բռնկումն այս շաբաթ անմիջական ազդեցություն է ունեցել մեր անձնակազմերի եւ մարդկանց վրա, ովքեր ղեկավարում են մեր գործունեությունը»,- ասվում է United-ի հայտարարությունում։ «Արդյունքում՝ մենք, ցավոք, ստիպված էինք չեղարկել որոշ չվերթներ, եւ մենք նախապես տեղեկացնում ենք տուժած հաճախորդներին»։
Այս շաբաթ ԱՄՆ ավիաընկերությունների ղեկավարները խնդրել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների պաշտոնյաներին թուլացնել կարանտինի կանոնները Covid դրական պատասխան ունեցող լիովին պատվաստված անձանց համար՝ ներկայիս 10 օրը փոխարինելով 5-ով։ Նրանք նշել են, որ անձնակազմի անդամները չեն բավականացնում, եւ այդ պատճառով տեղի են ունենում թռիչքների խափանումներ։
United-ը չեղարկել 131 չվերթ, Delta-ն՝ 90, նրանք հղում են կատարել վատ եղանակին Սոլթ Լեյք Սիթիում եւ Սիեթլում, ինչպես նաեւ արագ տարածվող օմիկրոնի հետեւանքներին։ Չեղարկվել է նաեւ Delta-ի շաբաթօրյա ավելի քան 80 չվերթ։
«Delta-ի թիմերը սպառել են բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները, ներառյալ երթուղու փոփոխությունն ու ինքնաթիռների եւ անձնակազմերի փոխարինումը ծրագրված թռիչքների իրականացման համար՝ նախքան ուրբաթ օրը ավելի քան 90 չվերթ չեղարկելը»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։ «Մենք ներողություն ենք խնդրում մեր հաճախորդներից արձակուրդներին իրենց ծրագրերը հետաձգելու համար»։
Ավիաընկերությունների հայտարարության համաձայն՝ Delta-ի աշխատակիցների ավելի քան 90 եւ United-ի աշխատակիցերի ավելի քան 96 տոկոսը ԱՄՆ-ում պատվաստված է։