Պետդեպը երկարաձգել է անձնական հարցազրույցների ժամանակավոր կասեցումը ոչ ներգաղթային վիզաների տրամադրման համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը երկարաձգել է անձնական հարցազրույցների ժամանակավոր կասեցումը ոչ ներգաղթային որոշ վիզաների տրամադրման համար մինչեւ հաջորդ տարվա վերջ։
«Պետդեպարտամենտն ընդունում է ժամանակավոր աշխատանքային վիզա ունեցողների դրական ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա եւ պարտավորվում է հեշտացնել ոչ ներգաղթային ճանապարհորդությունները եւ նվազեցնել վիզայի սպասման ժամանակը: Ուրախ ենք տեղեկացնել, որ հյուպատոսության անձնակազմն այժմ ժամանակավոր լիազորված է՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, անձնական հարցազրույցներ չանցկացնելու առանձին ոչ ներգաղթային աշխատանքային վիզաների տրամադրման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Անձնական հարցազրույցից հրաժարվելու իրավունք ունեցող կատեգորիաները ներառում են H-1B վիզաները, որոնք նախատեսված են «հատուկ մասնագիտություններ ունեցող անձանց» համար եւ ամենատարածված աշխատանքային վիզաներն են, որոնք օգտագործվում են օտարերկրյա աշխատակիցների համար՝ Միացյալ Նահանգներում աշխատելու թույլտվություն ստանալու համար: