Սպիտակ տունը հայտնել է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին առնչվող հարցով
ԱՄՆ-ն չի համաձայնի Ռուսաստանի՝ անվտանգության վերաբերյալ առաջարկին, որն առնչվում է ՆԱՏՕ-ին, սակայն կարող է համաձայնել այլ նախաձեռնությունների հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել, որոնցից որոշների հետ մենք կհամաձայնեինք, որոշների հետ՝ ոչ. օրինակ, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ին, իհարկե՝ ոչ»,- ասել է նա:
«Կցանկանայի նկատել, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, այլ ոչ թե ագրեսիվ: Չկան ապացույցներ, որոնք թույլ կտային հակառակն ապացուցել, ինչպես ԱՄՆ-ի տեսանկյունից, այնպես էլ ՆԱՏՕ-ի այլ անդամների»,- հավելել է Փսակին:
Միևնույն ժամանակ նա մատնանշել է, որ Սպիտակ տունը ճիշտ է համարում տվյալ իրավիճակում բանակցությունների վարումը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն երկու նախագիծ է հրապարակել, որոնք առնչվում են ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անվտանգության իրավական երաշխիքներին: Դրանցից մեկի համաձայն՝ ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի դեպի արևելք, այսինքն՝ Ուկրաինայի ուղղությամբ ընդլայնվելուց: