2017 թվականից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» փոխհատուցում է վճարել 4660 զինծառայողի
2017 թվականից սկսած «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» փոխհատուցում է վճարել 4660 զինծառայողի, ինչպես նաեւ մարտական գործողություններին մասնակցած եւ զոհված կամ վիրավորվելու հետեւանքով 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։
Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում անցած տարվա 44-օրյա պատերազմին մասնակցած շահառուների մասին է։
«416-ը փոխհատուցում է ստացել մինչեւ 44-օրյա պատերազմի սկսվելը։ Նշված 4660 զինծառայողներից 97-ը դատարանի որոշմամբ համարվում են անհայտ կորած։ Ինչպես գիտենք, մենք փոխհատուցում ենք այդ թվում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին»,-ասաց Սաիյանը։
Իր հերթին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդահայթայթման ու դոնորների հետ կապերի պատասխանատու Սոնա Բաղդասարյանը նշեց, որ 2021 թվականին հիմնադրամն արմատապես փոխել է իր աշխատանքի մեթոդները։ Օրինակ, այս տարի հիմնադրամն իր գործունեությունն իրականացրել է կամավորների ակտիվ աջակցությամբ։
«2021 թվականին մենք նոր եւ շատ պրոֆեսիոնալ թիմ ենք ձեւավորել, նոր հոգաբարձուների խորհուրդ է հայտնվել։ Սրանք մարդիկ են, ովքեր, օգտագործելով իրենց հեղինակությունը, իրենց հմտություններն ու կապերն ամբողջ աշխարհում, փորձում են գոնե որոշ չափով օգուտ բերել մեր հիմնադրամին եւ նրան վստահված առաքելությանը»,-ընդգծեց Բաղդասարյանը։