Հանդիպում «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկու հետ
«Գրական տապան 2013» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին «Զանգակ» գրատանը (Կոմիտասի պող. 49/2) տեղի կունենա հանդիպում անվանի լեհ գրող, «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկու հետ:
Հանդիպման ընթացքում Վիշնևսկու երկրպագուները հնարավորություն կունենան մտերմիկ միջավայրում զրուցելու հեղինակի հետ, նրան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ավարտին ստանալու հեղինակի մակագրությունը:
Հեղինակի մասին
Յանուշ Լեոն Վիշնևսկին ծնվել է 1954 թ. Լեհաստանում: 14 տարեկանում ընդունվել է նավագնացության ուսումնարան, ստացել նավաստու դիպլոմ: Այնուհետև ստացել է ֆիզիկոսի կրթություն, պաշտպանել դոկտորական դիսերտացիան: Միաժամանակ ստացել է տնտեսագետի կրթություն: Պաշտպանել է նաև դոկտորական դիսերտացիա քիմիական գիտությունների գծով: Ստացել է ինֆորմատիկայի դոկտորի կոչում: Այժմ զբաղվում է կենսաինֆորմատիկայով:
Յանուշ Վիշնևսկին ներկայում բնակվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում: Ամուսնացած է եղել, ունի երկու դուստր, որոնց մասին ասել է. «Իմ կյանքում կա երկու ամենակարևոր կին, մեկն իմ ավագ դուստրն է, մյուսը' կրտսեր»:
Առաջին' «Միայնությունը ցանցում» վեպը, գրել է 2001-ին, թեև ինչպես հեղինակն է նշում, գրքի գաղափարը ծագել է դեռ 1987 թվականին: Գրքի հերոսները հիմանականում հեղինակի կյանքում պատահած իրական կերպարներ են: Իրականի վերածված վիրտուալ սիրո մասին այս գիրքը ակնթարթային արագությամբ հաջողության հասավ: Երեք տարի այն բեսթսելլերների ցուցակում էր: Միայն Լեհաստանում վաճառվել է գրքի 300 հազար օրինակ, բազում վերահրատարակություններ ունեցավ, իսկ ռուսերեն հրատարակությունների ընդհանուր քանակն անցել է 1 մլն-ը: Այս գրքում ներկայացվում է ժամանակակից կանանց վերաբերյալ ժամանակակից տղամարդու պատկերացումը: Հերոսները ծանոթանում են ինտերնետում, փոխանակվում էրոտիկ ապրումներով, պատմում միմյանց սեփական կյանքի պատմություններ: Ինքը' հեղինակը նշում է, որ գլխավոր հերոս Յակուբը իդեալականացված տղամարդ է, որպիսիք չկան կյանքում:
Իր հարցազրույցներից մեկում հեղինակը ասում է. «Ես ինքս կասկածանքով եմ վերաբերվում ցանկացած բեսթսելերի: Եթե ստեղծագործությունը դուր է գալիս լայն հանրությանը, դառնում է մասսայական հիվանդություն, այն չի կարող լինել էլիտար և նրբաճաշակ: Չնայած դրան, ես իմ գրական հաջողությունը ընկալում եմ որպես ճակատագրի մեծ նվեր»:
Այնուամենայնիվ, չնայած տարատեսակ քննադատություններին' 2006 թ. գիրքը էկրանավորվեց:
Նա նաեւ «Սիրուհին», «Մարտինա», «Ճակատագրի կրկնությունը», «Բիկինի», «Զգացմունքների մոլեկուլները» ստեղծագործությունների հեղինակն է:
Այս ամենով հանդերձ' Վիշնևսկին իրեն գրող չի համարում: Նա ասում է, որ այդպիսին կարող է համարվել ան մարդը, ում կյանքը փոխկապակցված է գրական գործունեությանը, որին նա նվիրում է կյանքի ամբողջ կամ մեծագույն մասը: Վիշնևսկին իրեն համարում է հեղինակ, ոչ թե գրող, քանի որ «պրոֆեսիոնալ շարադրող» չէ: Լեհական ամսագրերից մեկին տրված հարցազրույցում Վիշնևսկին նշում է, գիտությունը համարում է իր կինը, իսկ գրականությունը' սիրուհին և ինքը կիսվում է այս երկու երևույթների միջև: Բացի գեղարվեստական ստեղծագործություններից, նա նաև գիտական գրքերի հեղինակ է: Պատահական չէ, որ Վիշնևսկու գործերի հերոսները իրենց զրույցներում անդրադառնում են այնպիսի թեմաների, որոնք հետաքրքրում են նաև հեղինակին, ունենա նույն սովորույթները, ինչ հեղինակը:
«Գրական տապան 2013» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: