Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշում կայացրեց ձեռք բերի Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութը, որի համար առողջապահության նախարարությանը հատկացվեց 1,2 մլրդ դրամ:
Ըստ հիմնավորման՝ դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում:
Նախագծով նախատեսվում է 200 000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ:
Նախագծում նշվում է նաև, որ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նվիրատվության խոստումներ էլ ունեն ու էլի խմբաքանակ կստանան: