Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի վերականգնման ժամանակը սպառվում է
ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետի մասին, սակայն քննարկում են այս թեման փակ ձեւաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքով, որին չորեքշաբթի մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն կարող է արդեն չլինել։
«Մենք հրապարակայնորեն չենք շրջում օրացույցի ամսաթիվը, բայց կարող եմ ձեզ ասել, որ փակ դռների հետեւում մենք քննարկում ենք ժամկետները, եւ որ դրանք կարճատեւ են»,- Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Սալիվանը: «Շաբաթներ»,- հավելել է ամերիկացի առաջնորդի օգնականը, երբ նրան խնդրել են ավելի հստակ ժամկետներ նշել:
ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ՀԳՀԾ-ից։ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ն Թեհրանի հետ միջուկային գործարք վերադարձնելու իր պատրաստակամության մասին:
Դեկտեմբերի 17-ին Վիեննայում ավարտվել է Իրանի միջուկային գործարքի վերահաստատման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի բանակցողները դադար են վերցրել սուրբծննդյան տոների կապակցությամբ: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը չի բացառել, որ հաջորդ փուլը կարող է լինել վերջինն ու ամենաերկարը։ Ընդ որում, բանակցողները վճռական են տրամադրված՝ փորձելով ավարտին հասցնել աշխատանքը մինչեւ 2022 թվականի հունվարի վերջ՝ փետրվարի սկիզբ։ Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են վերականգնել ՀԳՀԾ-ն իր սկզբնական տեսքով։