Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է այցով Բաքվում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանցի նախարարի խոսքով` երկկողմ հարաբերություններն արագ կզարգանան. «Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ հարաբերություններն առավելագույն մակարդակով զարգացնելն է»։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանի նոր իշխանությունները նաև ցանկանում են զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ քառակողմ ձևաչափով։
Նա նշել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մի մասը կապված է տարածաշրջանային համագործակցության հետ, որն այժմ ամրապնդվում է։
«Այս համատեքստում կարևոր է նաև «3+3» ձևաչափով համագործակցության հարթակը, որը ներառում է Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Վրաստանը դեռ չի որոշել միանալ»,- ասել է նա
Բայրամովն իր հերթին ասել է, որ Բաքուն և Թեհրանն աշխատում են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի վրա։
Նրա խոսքով՝ «ճանապարհային քարտեզը» կհաստատվի առաջիկա ամիսներին։
«Դա խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը», - ասել է Բայրամովը: