Ջեյք Սալիվան. ԱՄՆ-ին եւ Իսրայելին «ընդհանուր ռազմավարություն» է անհրաժեշտ Իրանի հարցում
ԱՄՆ-ին եւ Իսրայելին «ընդհանուր ռազմավարություն» է անհրաժեշտ Իրանի հարցում, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի եւ իսրայելցի անվտանգության այլ պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով` հանդիպումը տեղի է ունենում «կրիտիկական պահին մեր երկու երկրների համար անվտանգության մի շարք կարեւոր հարցերում»:
Համաշխարհային տերությունները եւ Իրանն անցյալ ամիս վերսկսեցին բանակցությունները Վիեննայում՝ իրանական միջուկային գործարքի վերականգնման համար: Անցյալ շաբաթ բանակցությունները դադարեցվեցին, որպեսզի իրանցի բանակցողը վերադառնա Թեհրան խորհրդակցությունների համար:
Բենեթն ասել է, որ «այն, ինչ տեղի է ունենում Վիեննայում, խորը հետեւանքներ ունի Մերձավոր Արեւելքի կայունության եւ Իսրայելի` առաջիկա տարիների անվտանգության վրա»: