Զվարթնոց օդանավակայանում դիմավորում են «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանին հաղթանակ բերած Մալենային. Ուղիղ
Գլխավոր«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի ներկայացուցիչ Մալենան, վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական գավաթն ու «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը Հայաստանում հյուրընկալելու ուղեգիրը:
Զվարթնոց օդանավակայանում այս պահին Մալենայի ժամանմանն են սպասում ոչ միայն 14-ամյա երգչուհու հարազատներն ու ընկերները, այլեւ՝ մի շարք երկրպագուներ ու լրագրողներ:
NEWS.am STYLE-ը եւս եկել է դիմավորելու Հայաստանի հաղթող պատվիրակին, եւ օդանավակայանի անցուդարձը ներկայացնում է ուղիղ հեռարձակմամբ:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ն անց էր կացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Մեր պատվիրակը մրցույթում հաղթել է Դավիդ Բադալյանի, Վահրամ Պետրոսյանի ու Դավիթ Ծերունյանի հեղինակած «Քամի, քամի» երգով՝ վաստակելով 224 միավոր: Մալենան ինքն էլ երգի խոսքերի համահեղինակներից է: Երգչուհին մրցույթի առաջատարն էր նաեւ տեսահոլովակի դիտումների թվով (ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան), իսկ մրցույթում Մալենայի ելույթն ամբողջացրել են «Ամարաս» համույթի պարողները (գեղարվեստական ղեկավար՝ Վիկա Մարտիրոսյան):
Սա Հայաստանի թվով երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Առաջին անգամ մեր երկիրը մրցույթում հաղթել է 2010 թ-ին՝ Վլադիմիր Արզումանյանի գլխավորությամբ, որը ներկայացնում էր «Մամա» երգը: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալել է նաեւ 2011 թ-ին: