Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:
Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դանիելյան Էլինա –շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ - ծանրամարտ
Չալոյան Դավիթ - բռնցքամարտ
2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ձևավորվել է շատ ուժեղ տասնյակ. «Կարծում եմ՝ շատ օբյեկտիվ և շատ ուժեղ տասնյակ է: Շատ արժանի մարզիկներ են տասնյակում և նրանք կստանան պետության կողմից սահմանված մրցանակները: Մարզիկները տասնյակում դասավորվել են ըստ այբբենական կարգի. որևէ նախընտրություն կամ առավելություն մեկը մյուսի նկատմամբ չունեն:
Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Նրանք, ովքեր չընդգրկվեցին տասնյակում, ընկճվել պետք չէ: Պետք է ուղղակի լավ մարզվել, լավ արդյունքներ ցույց տալ, օբյեկտիվորեն հավակնել ու լինել լավագույն տասնյակում»:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 միլիոն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին: