ՊԱՀՀ-ում անցկացված գիտաժողովի ընթացքում գնահատվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումները
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները խորագրով III հանրապետական գիտաժողովը:
ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի պահանջներին համապատասխանող ռազմարդյունաբերության հնարավորությունների քննարկման, առկա խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ուղիների որոնման համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչներ, ՊԱՀՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, Պետության ռազմական անվտանգություն գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և Պետական և ռազմական կառավարում մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողներ, հյուրեր:
Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն վերլուծվել և գնահատվել են ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր իրողությունները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու տնտեսական հնարավորությունները: