Թուրքական լիրան սկսում է ամրապնդվել Էրդողանի ծրագրի մասին լուրերից հետո
Թուրքական լիրայի փոխարժեքը սկսել է աճել նախորդ օրերի ռեկորդային անկումից հետո։ Դա տեղի է ունեցել իշխանությունների կողմից ներդրողներին փոխարժեքի տարբերությունը փոխհատուցելու և տեղական բիզնեսը խրախուսելու խոստումների ֆոնին, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, հաղորդել է НТВ հեռուստաալիքը։
Այսպես, իր գագաթնակետին լիրան արժևորվել է գրեթե 15%-ով՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրա։ Այժմ թուրքական արժույթը վաճառվում է մեկ դոլարի դիմաց 12,52 լիրա մակարդակում։ Աճը կազմում է 5,28%
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին ներկայացրել է կառավարության ծրագիրը, որը կոչված է զսպելու լիրայի անկայունությունը և շտկելու աճող գնաճի հետ կապված իրավիճակը։ Մասնավորապես, իշխանությունները խոստանում են փոխհատուցել ավանդների ծախսերը լիրայով, որոնք կարող են առաջանալ փոխարժեքի տատանումների արդյունքում։ Ներդրողները, նախագահի խոսքով, ստիպված չեն լինի ավանդները փոխարկել արտարժույթի` վախենալով դրանց արժեզրկումից։
Պետությունը նաև կավելացնի իր մասնակցությունը պահուստային ֆոնդերին, աուդիտ կանցկացնի և որոշ վճարների համար հարկային համակարգում փոփոխություններ կանի։ Իշխանությունները պատրաստ են արտահանողների համար ֆորվարդային դրույքաչափ սահմանել: Պետական պարտքային արժեթղթերից եկամուտներից հարկային հավաքագրումները կնվազեն: Լիրայի հետ գործառնություններն ակտիվացնելու համար իշխանությունները կստեղծեն նոր ֆինանսական ապրանքներ և ծառայություններ։