Ադրբեջանի իշխանական ԶԼՄ-ները պարզապես հրաման են կատարում. Eurasia.net-ի անդրադարձը
Ամերիկյան Eurasia.net անկախ պորտալը Ադրբեջանի իշխանությունների կողմից լրատվամիջոցների աշխատանքը վերահսկելու մեխանիզմների վերաբերյալ հոդված է հրապարակել: Նյութի հեղինակը նշում է, որ օրական մի քանի անգամ ադրբեջանական լրատվական գործակալությունների խմբագիրները նույնական հաղորդագրություններ են ստանում WhatsApp հեռախոսային հավելվածով: «Հանձնարարականներ» գրությամբ նյութերը, որպես կանոն, պարունակում են ցուցումներ, թե ինչպես պետք է մատուցել այս կամ այն իրադարձությունը:
Նշվում է, որ Բաքվի և Թեհրանի միջը վերջին լարվածության սրման ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ներին կարգադրում էին ընդլայնել Իրան-Հայաստան հարաբերությունների, «թմրանյութերի ապօրինի շրջանառության» և երկու երկրների կողմից Արցախում «իրականացված թալանի» դեմ ուղղված արշավը՝ հիմնվելով ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի հնչեցրած թեզերի վրա:
Միևնույն ժամանակ լրատվամիջոցներին հորդորում էին որևէ կերպ չվիրավորել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի «պատիվն ու արժանապատվությունը», ինչպես նաև չհիշատակել այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» եզրույթը: Դրան հաջորդել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Իրանի նկատմամբ մեղադրանքները՝ Հայաստանին աջակցելու, Արցախի տարածքում «թմրամիջոցներ աճեցնելու և արտահանելու», «փողեր լվանալու» վերաբերյալ:
Նմանատիպ հաղորդագրություններ ադրբեջանական ԶԼՄ-ները ստացել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի նախօրեին: Լրատվամիջոցներին կարգադրել են հանրությանը նախապատրաստել թեմայի քննարկումներին՝ օգտագործելով «հաղթական ադրբեջանական ժողովուրդ» և «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար» արտահայտությունները:
Հաճախ հրահանգներում նշվել է, թե ինչ չի կարելի հրապարակել։ Օրինակ՝ ԶԼՄ-ներին արգելվել է հրապարակել Ադրբեջանի AZAL ավիաընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատակը, երբ վերջինս գտնվում էր Ադրբեջանում: Լրատվամիջոցներին արգելվել է նաև վերնագրերում և նյութերում օգտագործել իտալական La Repubblica թերթի հետ Իլհամ Ալիևի հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում էր սկանդալային «Պանդորայի փաստաթղթերին»:
Eurasia.net-ի անդրադարձում ասվում է, որ նմանատիպ կարգադրությունները մշտական են: Նշվում է, որ պարզ չէ, թե որտեղից են գալիս այդ հաղորդագրությունները, սակայն հրահանգներին ծանոթ լրագրողների կարծիքով՝ դրանք ուղարկվում են նախագահի գրասենյակից։