Հայկ Մարությանն արդյունավետ քաղաքապետ է ու երևանցին արտահերթ ընտրության միջոցով կարող է դա վերահաստատել. Երիցյան
Քանի որ ես չեմ կիսում քաղաքապետին անվստահություն հայտնելու այս հակաժողովրդավարական գործընթացը եւ չեմ ուզում դրան մասնակցել, դրա համար բնականաբար վայր եմ դրել իմ մանդատը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշել է ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը, ով ավելի վաղ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին:
Դիտարկմանը, թե «Իմ քայլը» հայտարարում է, թե առկա է քաղաքական ճգնաժամ, դրա համար են բոյկոտել այսօրվա նիստը, Երիցյանն ասաց. «Կարծում եմ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակը արտահերթ ընտրություններ են: Դա ամենաազնիվ տարբերակն է, որին այսօր իշխանությունները պատրաստ չեն գնալ, բայց ես կոչ եմ անում վերանայել այս մոտեցումը եւ Երեւանի բնակչին հարցնել՝ ում է ինքը տեսնում Երեւանի քաղաքապետ: Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանն արդյունավետ քաղաքապետ է ու երեւանցին արտահերթ ընտրության միջոցով կարող է դա վերահաստատել»:
Ինչ վերաբերում է ՔՊ-ից դուրս գալու Հայկ Մարությանի որոշմանը, Գրիգոր Երիցյանն ասաց, որ այդ պատճառների մասին ճիշտ կլինի հարցնել հենց իրեն Մարությանին. «Այդ պատճառները հիմնավոր են եւ կարծում եմ՝ հանրությունը պետք է դրանց մասին իմանա»:
Նա հայտարարեց, որ Հայկ Մարությանը հրաժարական չի տալու. «Վստահ եմ, որ անվստահության գործընթացը կրականանա եւ սա կլինի Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքը, երբ անվստահության միջոցով քաղաքապետ։ են հեռացնում: Մի երկրում, որտեղ մենք ունեցել ենք հանցագործն, կրիմինալ քաղաքապետեր, լավագույն քաղաքապետին անվստահության միջոցով հեռացնելու են»,-ասաց Երիցյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը նախատեսված նիտում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընտրվելու է քաղաքապետ. «Իմ կարծիքով սա հանգեցնելու է քաղաքային կառավարման ճգնաժամի, փոխվելու են բոլոր փոխքաղաքապետերը, փոփոխություն է Երեւանի վարչական շրջանի ղեկավարների կազմում, փոփոխվելու են նաեւ վարչության պետեր, ինչը նշանակում է, որ քաղաքը մեկ տարի դեռ պետք է ադապտացվի այս նոր փոփոխություններին: Արդյունքում տուժելու է Երեւանը եւ երեւանցին»:
Նշենք, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։