Թուրքական լիրան շարունակում է աճել Էրդողանի կոչից հետո
Թուրքական արժույթը երեքշաբթի շարունակում է թանկանալ՝ վաճառվելով մեկ դոլարի դիմաց 11-12 լիրայի միջակայքում, եւ նախորդ օրը մինչեւ 18.4 լիրա իջնելուց հետո ամրապնդվել է 1.5 անգամ, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը։
Հինգշաբթի Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցնել մինչեւ 14 տոկոս, ինչը թուրքական լիրայի կտրուկ անկման պատճառ դարձավ։ Սակայն երկուշաբթի երեկոյան դրա անկումը փոխարինվեց զգալի աճով, արդյունքում լիրան փոխհատուցեց վերջին մի քանի օրերի կորուստները։
Երեքշաբթի լիրան շարունակում է աճել, թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց բարձրացել է մինչեւ 11.67 լիրա՝ նախորդ փակման ժամանակ դոլարի դիմաց 13.21 լիրայի համեմատ: Ավելի վաղ` երեքշաբթի, աճուրդների ժամանակ լիրան բարձրացել էր մինչեւ 11.15 դոլարի դիմաց։
Լիրայի կտրուկ աճը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց փոխարժեքի անկայունությանը հակազդելու նոր միջոցների մասին: Նրա խոսքով` կառավարությունը ԿԲ-ի միջոցով արտահանողներին ֆորվարդային փոխարժեք կտրամադրի, կավելացնի պետական մուծումները մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին եւ կնվազեցնի ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինների հարկը։ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ կառավարությունը կխրախուսի ավանդները լիրայով՝ փոխհատուցելով քաղաքացիների` փոխարժեքի անկայունության պատճառով կրած վնասները։
Թուրքական արժույթը հունվարին վաճառվում էր դոլարի դիմաց 7.4 լիրա փոխարժեքով, իսկ պատմական նվազագույնին հասնելու պահին էժանացել էր 60 տոկոսով, ընդ որում, արժեքի ավելի քան 40 տոկոսը կորցրել է վերջին ամսվա ընթացքում։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը` պնդելով, որ դա գնաճի նվազման կհանգեցնի։ Նա 2019 թվականի հուլիսից երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին, իսկ 2021 թվականի նոյեմբերից երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։ Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին տնտեսական անգործունակության մեջ եւ կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրք առաջնորդը մերժել է կոչը՝ հայտարարելով, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին` նախատեսվածի համաձայն։