New York Times. Էրդողանն անտեսում է բիզնես-խմբերի, ներդրողների եւ տնտեսագետների նախազգուշացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կառչել անսովոր տնտեսական քաղաքականությունից, որին քչերն են հավանություն տալիս, բայց որը, ինչպես նա հույս ունի, իր պտուղները կտա մինչեւ 2023 թվականին նախատեսված ընտրությունները, գրում է New York Times-ը։
Էրդողանն անտեսում է բիզնես-խմբերի, ներդրողների եւ տնտեսագետների նախազգուշացումները՝ չնայած շարքային թուրքերի շրջանում իր վարկանիշի կտրուկ անկմանը եւ թուրքական լիրայի ռեկորդային անկմանը։
«Նա կարծում է, թե ինքը բոլորից լավ գիտի»,- ասել է Էրդողանի նախկին խորհրդական Ակիֆ Բեքին: «Չեմ կարծում, որ նա լսում է խորհուրդները»։
Անցյալ հանգստյան օրերին Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը կպնդի նվազեցնել տոկոսադրույքները՝ վկայակոչելով վաշխառության իսլամական արգելքը: Նա Թուրքիայի գործարարների եւ արդյունաբերողների ասոցիացիային (TÜSİAD), որը կազմված է երկրի խոշորագույն ընկերություններից, մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձերի մեջ:
«Տոկոսադրույքները հարուստներին դարձնում են ավելի հարուստ, իսկ աղքատներին՝ ավելի աղքատ»,- ասել է Էրդողանը։ «Մենք կանխել ենք մեր երկրի նման մասնատումը։ Մենք դա թույլ չենք տա»։
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ իջել է ռեկորդային նվազագույնի` միայն այս ամիս կորցնելով իր արժեքի մոտ մեկ երրորդը այն բանից հետո, երբ Էրդողանը հրամայեց կենտրոնական բանկին նվազեցնել տոկոսադրույքները` չնայած ինֆլյացիայի արագացմանը: Բանկը սեպտեմբերից սկսած տոկոսադրույքները 19 տոկոսից իջեցրել է մինչեւ 14 տոկոս, վերջին անգամ դրանք նվազեցնելով հինգշաբթի օրը: Սպառողական գների ինֆլյացիան արագացել է մինչեւ 21,3 տոկոս եւ, ինչպես սպասվում է, դեկտեմբերին կաճի։
Բեքին ասել է, թե Էրդողանը հավատում է, որ իր քաղաքականությունը կաշխատի, եւ ինքը կկարողանա ընտրողներին համոզել դրա հիմնավորվածությունը։ «Նա յուրովի փորձում է նավակը ջրի երեսին պահել,- ասել է Բեքին:- Նա կարծում է, որ կարող է փոխել իրավիճակը եւ ընտրություններին մոտ մարդկանց կրկին համոզել»:
Գերմանական Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլյուհիսարջըքլին ասել է, որ Էրդողանը ավտորիտար ռեժիմի նշաններ է ցույց տալիս։ «Նա չի լսում տնտեսագետներին, ինչը բնորոշ է աշխարհի ուժեղներին»,- ասել է Ունլյուհիսարջըքլին։ Նրա խոսքով, նախագահը «ավելի ու ավելի քիչ հանդուրժող է դառնում այլախոհության նկատմամբ, հատկապես՝ կուսակցության ներսում»:
«Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ կարող է իր կարիքներին եւ իրողություններին համապատասխան տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորություն ստանալ»,- հանգստյան օրերին ասել է Էրդողանը։
Ունլյուհիսարջըքլիի խոսքով՝ նախագահն այժմ կենտրոնացած է ընտրությունների, քաղաքական թափը վերականգնելու եւ իր իշխանությունը պահպանելու վրա։ «Հիմա միակ բանը, որ տեղի է ունենում, առաջիկա ընտրություններն են»,- ասել է նա։ «Նա ելք է փնտրում»։