Ամերիկացիներն ընտրել են տարվա ամենավատ ընկերությունը
Օգտատերերի հարցման ընթացքում Yahoo Finance-ի ընթերցողները Meta-ն 2021 թվականի վատագույն ընկերություն են ճանաչել:
Yahoo-ն ուսումնասիրել է օգտատերերի բողոքները, որոնք Meta-ն առաջին տեղում են դնում հակավարկանիշում: Դրանց թվում են հակամենաշնորհային դատավարությունները եւ ընկերության նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի քննադատությունը, ով պնդում է, որ Facebook-ն շահույթ ստանալու նպատակով անտեսել է հարթակի օգտատերերի անվտանգության մտահոգությունները: Facebook-ի քննադատության պատճառ են դարձել նաեւ գրաքննության բողոքները։
Ամերիկացիները քննադատել են Մարկ Ցուկերբերգի ընկերությունը՝ COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության դեմ չպայքարելու համար։ Facebook-ի օգտատերերից մեկը նաեւ մեղադրել է հարթակին ծայրահեղականության աճի եւ «ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը խարխլելու» մեջ:
Հարցվածներին մտահոգում էր նաեւ Instagram-ի բացասական ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության եւ Meta-ի պլատֆորմի օգտատերերի տվյալների գաղտնիության վրա:
Ընդ որում, Yahoo Finance-ի հարցվածների մոտ 30 տոկոսն ասել է, որ Meta-ն կարող է քավել իր մեղքը, օրինակ՝ ընդունելով բոլոր խնդիրները եւ զգալի գումար նվիրաբերելով հիմնադրամին, որը կօգնի հետ բերել ընկերության հասցրած վնասը:
Microsoft-ը 2021 թվականի լավագույն ընկերություն է ճանաչվել, որն անցել է շուկայական կապիտալիզացիայի 2 տրիլիոն դոլարի շեմը։ Բիլ Գեյթսի հիմնադրած ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից աճել են 53 տոկոսով։