Հայկական եկեղեցու քարերով Թուրքիայում դպրոց են սարքել
Թուրքիայի Թունջելի նահանգի Գեչիմլի գյուղում պահպանված հայկական եկեղեցին անխնամության ու անտերության պատճառով ավերակ վիճակում է հայտնվել: Գյուղացիները համոզված են, որ եթե եկեղեցին վերականգնվի, իրենց մոտ կսկսի զարգանալ զբոսաշրջությունը: Թուրք-քրդական բախումների գոտում գտնվելու պատճառով եկեղեցին երկար ժամանակ այդպես էլ չի ընդգրկվել վերակառուցման ենթակա շինությունների ծրագրում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի' 2012 թվականին մշակույթի և զբոսաշրջության նախարարության Թունջելիի նահանգային վարչությունը դիմել էր Էրզրումի մշակությային կոթողների պահպանության հաստատությանը և դրական պատասխան ստացել: Սակայն մինչև այժմ ոչ մի գործ չի կատարվել եկեղեցու վերակառուցման ուղղությամբ:
Գյուղացիները մտահոգություն են հայտնել, որ բարձիթողի վիճակում մնացած եկեղեցին թիրախ է դառնում գանձախույզ արկածախնդիրների համար: Գյուղի բնակիչներից Ջեմշի Օղուզհանը լրագրողին ասել է, որ եկեղեցին ավերման է ենթարկվել 1938-ին կազմակերպված քրդերի կոտորածներից հետո: Իսկ1950-ականներին եկեղեցու քարերն օգտագործել են դպրոցաշինության ժամանակ:
Նշենք, որ հայկական այդ եկեղեցին ունի ավելի քան 200 տարվա պատմություն, պատերին դեռևս պահպանված են մնացել հայերեն փորագրությունները: Այն համարվում է Թունջելիի (Դերսիմ) ամենախոշոր եկեղեցիներից մեկը: