Ֆրանսիայի կովկասյան հայտը ամերիկա-ռուսական կուլմինացիայի ֆոնին
Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փաշինյան-Ալիև անսպասելի հանդիպումը ըստ ամենայնի հնարավոր է դիտարկել Ֆրանսիայի ավելի երկարաժամկետ ու ընդգրկուն խաղի շրջանակում, որ նա պատրաստում է աշխուժացնել օգտագործելով արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը և բարձրացնելով դերը Կովկասի ուղղությամբ: Հազիվ թե Մակրոնը զուտ իրավիճակային, պահի նկատառումներով փորձեր Բրյուսելում կազմակերպել հանդիպում, այն էլ մի պարագայում, երբ դրանից մեկ օր առաջ Փաշինյանն ու Ալիևը խոսել էին ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ:
Ֆրանսիայի նախագահի մոտիվները թերևս ավելի լայն են ու խորը, և պայմանավորված են նույնքան լայն շրջանակով ծավալվող զարգացումներով: Իսկ դրանք մտնում են բավականին կուլմինացիոն մի փուլ, եթե դատենք այն հանգամանքից, որ Բայդեն-Պուտին հանդիպումից կարճ ժամանակ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակում է պայմանագրի նախագիծ, որն առաջարկում է կնքել Միացյալ Նահանգներին և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ըստ էության:
Ռուսաստանը առաջարկում է սահմանել անվտանգային խաղի նոր կանոններ և բաժանել գոտիները, այսպես ասած սահմանները, պայմանավորվելով չտրորել միմյանց «ոտք»: Սա նշանակում է, որ ամերիկա-ռուսական քննարկումները հասել են լրջության մի կետի, երբ կարող են կայացվել իսկապես կարևոր որոշումներ, այդ թվում Եվրոպայի առնչությամբ: Ֆրանսիան բնականաբար չի կարող նստել ձեռնունայն և հետևել դիտորդի կարգավիճակով, կամ ընդամենը ԱՄՆ ՆԱՏՕ գործընկեր-դաշնակցի կարգավիճակով: Ահա այստեղ Փարիզը գուցե փորձում է ակտիվացնել այն հնարավորությունը, որ միջազգային քաղաքականության հարցում նա ունի Մինսկի խմբի համանախագահության բացառիկ ձևաչափի շնորհիվ, լինելով դրա մասնակից:
Բանն այն է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկելով հստակ սահմանազատել այսպես ասած միմյանց ոտք չտրորելու, միմյանց տարածք «չմտնելու» և «չյուրացնելու» իրողությունները, բավականին յուրահատուկ վիճակ է ստեղծում օրինակ Կովկասի առումով: ՌԴ առաջ քաշած տարբերակները Կովկասի առումով ստեղծում են երկակի վիճակ, այդ թվում առաջին հերթին ՆԱՏՕ անդամ Թուրքիայի կովկասյան դերակատարության իմաստով, որ Անկարան հատկապես ամրագրել է Արցախի դեմ սանձազերծած պատերազմով ու Ադրբեջանում դե ֆակտո ռազմական ներկայություն հաստատելով: Եթե Ռուսաստանը դնում է կոշտ սահմանազատման հարց ԱՄՆ համար, պետք է գտնի թերևս պատասխան նաև Թուրքիայի համար:
Մեծ հաշվով, Թուրքիայի հետ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները որևէ կերպ չեն ներդաշնակվում հարաբերությունների կարգավորման այն տրամաբանությանը, որ հրապարակված պայմանագրի նախագծով առաջարկում է Ռուսաստանը Վաշինգտոնին: Հետևաբար, կամ Մոսկվան պետք է արմատապես վերանայի Անկարայի հետ հարաբերությունը, ինչը թվում է անհնար, հաշվի առնելով այն, որ Անկարան ոչ թե պատրաստվում է մտնել Կովկաս, այլ արդեն Կովկասում է՝ էլ չասած Ռուսաստանում, կամ պայմանագրային քննարկումների շրջանակում Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է գան նաև Թուրքիայի այսպես ասած առանձնահատուկ դերի վերաբերյալ քննարկումների, սահմանելով որոշակի «բուֆերային» նշանակություն:
Ֆրանսիայի ակտիվության հայտը ըստ ամենայնի պայմանավորված է այս հաշվարկներով, այն է՝ փորձել կանխել Թուրքիայի հարցում այդպիսի օրակարգի հասունացումը և Կովկասի հարցում ամերիկա-ռուսական քննարկումների այլընտրանք մատուցել Ֆրանսիայի դերը: Սրանով է նաև պայմանավորված, որ Էմանուել Մակրոնը փորձում է քայլեր կատարել նաև Ադրբեջանի մոտ դրական ընկալումների համար, այլապես մտադրությունն աշխատել չի կարող և անիմաստ կդառնա անգամ փորձը: Իհարկե, պարզ չէ, կստացվի արդյո՞ք Փարիզին այդ առումով մրցակցել Անկարայի հետ, որը թերևս հենց ամերիկա-ռուսական քննարկումների տրամաբանության հանդեպ դիտարկումներով է նաև ձգտում կառուցողական լինել Հայաստանի հետ հարաբերության հարցում:
Աղբյուրը՝ 1in.am