Լիբիայում եւ Սիրիայում «Պանցիր» համալիրների կողմից ավելի քան 40 թուրքական անօդաչու է խոցվել
Ռուսական «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգերը Լիբիայում եւ Սիրիայում խոցել են թուրքական արտադրության ավելի քան 40 «Bayraktar» եւ «Anka» անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին կիրակի հայտնել է «Ռոսիա-1» հեռուստաալիքը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ընդհանուր առմամբ, արաբական հաշվարկները ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, նրանց պնդմամբ, ռուսական «Պանցիրներով» խոցել են ավելի քան 40 «Bayraktar» եւ թուրքական ծանր «Anka» անօդաչու թռչող սարքեր», - ասվել է հեռուստաալիքի եթերում՝ զինվորականների հաշվարկներին հղումով:
Հեռարձակմամբ ցույց է տրվել նաեւ ,որ Իդլիբում «Bayraktar» է խոցվել, որը չարտոնված կերպով հայտնվել է սիրիական ՀՕՊ-ի գործողության գոտում։
«Իդլիբի տարածքում այժմ դիտարկում ենք երեք «Bayraktar» անօդաչուներ: Ընդ որում, կարող ենք հետեւել դրանց՝ սկսած թռիչքից եւ վերջացրած վայրէջքով»,- ասել է Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Նովիկովը՝ նշելով, որ տվյալ պահին այդ անօդաչու սարքերը գտնվում են համաձայնեցված տարածքում։
Նա ընդգծել է, որ «Պանցիրը» կարող է դիմակայել ցանկացած անօդաչու թռչող սարքի, եւ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել սադրանքներին։
«Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը ի վիճակի է խոցել օդային թիրախները, որոնք թռչում են մինչեւ 1000 մ/վ արագությամբ, 200-20.000 հազար մ հեռավորության վրա: Համալիրը կարող է պայքարել նաեւ թեթեւ զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի դեմ: