ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի որոշումը Հայաստանին 10 զինծառայող փոխանցելու մասին:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների», – գրել է Կլաարը Twitter-ում:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի այդ քայլն անվանել է «կարևոր ժեստ հումանիտար հարցերի լուծման գործընթացում»։
Կլաարը նաև նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումների համար:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղի էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։