Ճարպազրկված սննդամթերքի վնասների մասին
Սննդաբան Սվետլանա Զելենցովան РИА Новости գործակալությանը հայտնել է, որ ճարպազրկված մթերքները օգտակար չի համարում, և հիմնավորել է իր կարծիքը։
«Կարծում եմ՝ այդպես է մի քանի պատճառներով։ Նախ՝ ճարպազրկված մթերքների մեծ մասը պարունակում է հավելյալ նյութեր, որոնք բարելավում են դրանց համային հատկանիշները, սակայն առողջության համար օգտակար չեն՝ օսլա, հիդրոգենացված բուսական ճարպեր, արոմատիզատորներ, գույներ և այլն։ Որքան ավելի շատ է վերամշակվում արտադրանքը, այսինքն՝ մշակվում է արդյունաբերական ճանապարհով, այնքան ավելի քիչ օգտակար է այն դառնում և հաճախ ավելի կալորիական է՝ ամբողջական մթերքի համեմատ», – նշել է Զելենցովան։
Բացի այդ, ըստ սննդաբանի, ճարպերն անհրաժեշտ են մեր օրգանիզմին, իսկ եթե սննդակարգը հիմնականում ցածր յուղայնությամբ սննդամթերքից է բաղկացած, ապա դրա մեջ չափազանց շատ ածխաջրեր կլինեն, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի նյութափոխանակության բազմաթիվ խնդիրների առաջացման։
Զելենցովան նաև նշել է, որ նվազեցնելով սննդակարգում ճարպերի քանակը՝ մենք ստանում ենք ավելի քիչ ճարպալուծվող վիտամիններ (D, A, E): Բացի այդ, ճարպերը հարկավոր են օրգանիզմին անհրաժեշտ որոշ նյութերի, մասնավորապես՝ կալցիումի յուրացման համար։ Արդյունքում առաջանում է դեֆիցիտ, ինչը կարող է առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ։
«Այդ պատճառով ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա սննդակարգում ներառել ճարպազրկված մթերքներ։ Որոշ դեպքերում, բժշկական ցուցումներից ելնելով՝ անհրաժեշտ է սննդակարգում սահմանափակել ճարպերի քանակը, բայց նույնիսկ այդ դեպքում ես այլ մոտեցում կառաջարկեի»,- եզրափակել է Զելենցովան։