Չավուշօղլուն հայտարարել է, որ դեսպան Կառլովի սպանությունը նախապատրաստված «ծուղակ» էր ռուս-թուրքական հարաբերությունների համար
Մոսկվան և Անկարան չեն ընկել ծուղակը, որը պատրաստել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները, երկու երկրների բարեկամությունը հնարավոր չեղավ քանդել, ռուս դիվանագետի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հինգ տարի է անցել նենգ սպանության հետևանքով դեսպան Անդրեյ Կառլովի մահից, դեսպան Կառլովի վրա հարձակումը հարձակում էր թուրք-ռուսական բարեկամության վրա։ Սակայն Թուրքիան ու Ռուսաստանը չընկան այս ծուղակը։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում էին վնասել թուրք-ռուսական բարեկամությանը, հիասթափված են»,- ասել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ Կառլովի վրա հարձակումը ահաբեկչություն էր:
Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, նրան վերացրել են ուժայինները։
Ռուսաստանի դեսպանի սպանությունը կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը հերքել է մեղադրանքները։ Մարտին Անկարայի դատարանը Կառլովի սպանության գործով վճիռ է կայացրել։
Ամբաստանյալներից հինգը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 8 անձ ստացել է երեք տարի ինը ամսից մինչև 15 տարվա ազատազրկում, ևս վեցը արդարացվել է։ Հետախուզման մեջ գտնվող ևս ինը մեղադրյալի, այդ թվում՝ Գյուլենի գործերը դատախազության պահանջով առանձնացվել են առանձին վարույթներով։