Հնդկաստանի գյուղերից մեկում ագրեսիվ կապիկները «պատերազմ են հայտարարել» շներին՝ սպանելով 250 կենդանու
Կենտրոնական Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Լավուլ գյուղում կապիկները «պատերազմ են հայտարարել» շներին և ոչնչացրել նրանց, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ կենդանիների միջև կոնֆլիկտը սկսվել է նոյեմբերի կեսերին այն բանից հետո, երբ շները սպանել են կապիկների ձագերից մեկին։ Հենց հաջորդ օրը պրիմատները սկսել են հարձակվել շների և դրանց ձագերի վրա՝ բռնելով նրանց, քարշ տալով տների տանիքների վրա և այնտեղից ցած նետելով:
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում կապիկները սպանել են 250 շան, ինչի հետևանքով Լավուլում շուն չի մնացել։ Գյուղացիները դիմել են անտառտնտեսություն՝ ագրեսիվ կապիկներին բռնելու և իրավիճակը կառավարելու պահանջով, սակայն գյուղ ուղարկված ոստիկանները չեն կարողացել ոչ մի կենդանի բռնել։
Դրանից հետո Լավուլի բնակիչները փորձել են իրենք պաշտպանել շներին, սակայն կապիկները տանիքներից հրել են մի քանի տղամարդու, որոնք փորձել են մոտենալ իրենց։
Ավելին, կապիկները սկսել են հարձակվել երեխաների վրա՝ հավանաբար ի պատասխան մարդկանց՝ շների նկատմամբ հաշվեհարդարը դադարեցնելու փորձերի։ Հայտնի է դեպք, երբ պրիմատները հարձակվել են ութամյա դպրոցականի վրա, որին հաջողվել է ազատել միայն մի քանի տղամարդկանց ջանքերով։ Այժմ Լավուլում մարդկանց վրա հարձակումները շարունակվում են։