Կտավատի օգտակար հատկությունները
Սննդաբան Սվետլանա Ֆուսը հայտարարել է, որ կտավատի սերմերը մաքրող հատկություն ունեն։ Նրանք այդ ազդեցությունն ապահովում են իրենց բաղադրության մեջ մտնող սննդային մանրաթելերի շնորհիվ, ասել է բժիշկը Instagram-ի իր էջում, փոխանցում է Лента պարբերականը։
Ֆուսը հայտարարել է, որ կտավատի սերմերը շատ առողջարար նյութեր են պարունակում։ Մասնավորապես, դրանք հարուստ են սննդային մանրաթելերով, որոնք մաքրում են աղիները, խթանում աղիների շարժունակությունը և ստեղծում հագեցվածության զգացում։ Բացի այդ, կտավատի սերմերը պարունակում են ֆիտոէստրոգեններ՝ հակաօքսիդանտ ակտիվությամբ ֆենոլային միացություններ, որոնք պաշտպանում են կանացի մարմինը նորագոյացություններից և հեշտացնում դաշտանադադարի դրսևորումները:
Բժիշկը նաև այս մթերքն անվանել է բնական ստատին, քանի որ այն նորմալացնում է խոլեստերինի մակարդակը: Օրական ընդունման նորմը 1-2 ճաշի գդալ կամ 10-20 գրամ կտավատի սերմն է: Ընդ որում, ամբողջական կտավատի սերմերը պետք է մանրացնել և ուտել պատրաստելուց անմիջապես հետո։
«Եվ ամենակարևորը՝ այս փոքրիկ սերմն այն քիչ բույսերից է, որտեղ մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ կան: Դրանք անհրաժեշտ են բջջային թաղանթների կառուցման, արյան մածուցիկության նվազեցման, անոթների առաձգականության մեծացման, մարսողության բարելավման և շաքարային դիաբետի ու ճարպակալման զարգացման վտանգի նվազեցման համար, եթե հետևում եք առողջ սննդակարգի», – եզրափակել է սննդաբանը։